Գերհաշվիչի շնորհանդեսը Հայաստանում

2019 թվականի մայիսի 24-ին Մարիոթ Արմենիա հյուրանոցում Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատը, Թուլուզի գիտահետազոտական ​​և գիտության համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի (UFAR) հետ համատեղ ներկայացրել է այն գերհաշվիչը, որն այս տարի Թուլուզի համալսարանը կնվիրի Հայաստանին և որը տեղադրվելու է Ինժեներական քաղաքում:

Գերհաշվիչը ընձեռում է նորարարական հնարավորություններ ամենածավալուն տվյալների հավաքագրման և դրանց մշակման համար, ինչը նպաստում է աշխատանքային գերծանրաբեռնվածության նվազեցմանը և տվյալների մշակման արդյունավետության բարձրացմանը: Գերհաշվիչը կարող է ձևավորել տվյալների ամբողջովին նոր էկոհամակարգ, որի շնորհիվ կփոխակերպվեն կարևորագույն ոլորտների աշխատանքների կազմակերպման  տրամաբանությունը:

Ինչպես պարզաբանում է ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչ Հրաչ Ասցատրյանը, գերհաշվիչը վերլուծելու է արբանյակային լուսանկարները՝ տեղեկատվություն տրամադրելով նաև հարևան երկրներում ընթացող գործընթացների մասին։ «Գերհաշվիչը լայնորեն կօգտագործվի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, անվտանգությունը, գիտությունը, շրջակա միջավայրը և այլն: Այն կլուծի խնդիրներ, որոնք պահանջում են ծավալուն հաշվարկներ կամ տվյալների վերլուծություն »:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ով նույնպես ներկա էր համաժողովին, ողջունեց մասնակիցներին և ընդգծեց նախաձեռնության կարևորությունը. «Մեզ համար շատ կարևոր է նման գործիքների առկայությունը բարձր տեխնոլոգիական տնտեսություն կառուցելու ճանապարհին։ Տեխնոլոգիական այս դարաշրջանում, երբ տնտեսության մեջ տվյալների հավաքագրումը, վերլուծությունը և օգտագործումը դառնում են կարևոր գործիք, մենք մեծ կարևորություն ենք տալիս այս նվիրատվությանը»:

«Համոզված եմ, որ համագործակցությունն արդյունավետ կլինի, և մեր ֆրանսիացի գործընկերները մեզ կաջակցեն այս հարցում, քանի որ նրանք դրական փորձ ունեն»,- նշել է նախարարը՝ հայտնելով իր գոհունակությունը համագործակցության կապակցությամբ։

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստն իր հերթին ընդգծել է, որ այն միակ գերհաշվիչն է ողջ Հարավային Կովկասում, և ավելացրել, որ անհրաժեշտ են որակյալ մասնագետներ՝ դրա ընձեռած բոլոր հնարավորությունները լիարժեք օգտագործելու համար։

Ֆրանսիական գերհաշվիչը կտեղադրվի Ինժեներական քաղաքում՝ Պաշտպանության նախարարության հարևանությամբ։ Տեղափոխման և տեղադրման ծախսերը կհոգա Հայաստանյան կողմը։

Մի քանի միլիոն եվրո արժողությամբ գերհաշվիչը Հայաստանում կլինի 2019 թվականի վերջին:

 

Միջոցառման նկարները ստորև՝

 

Share this page Share on FacebookShare on TwitterShare on Linkedin